14 մայիսի 2026

Մեղրի համայնքում քննարկվեց համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը՝ ներկայացված նոր մոտեցմամբ և ձևաչափով

Մայիսի 6-7-ը Մեղրի համայնքում իրականացվեց երկօրյա վերապատրաստում՝ «Աղետների ռիսկի կառավարումը համայնքային մակարդակում» թեմայով, որը կրկին կազմակերպվել էր «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի շրջանակում։

Վերապատրաստմանը մասնակցեցին համայնքի Աղետների ռիսկի կառավարման խորհրդի անդամներ և ներկայացուցիչներ տարբեր կառույցներից, այդ թվում՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից, Մեղրիի համայնքապետարանից, համայնքային մանկապարտեզներից, ՄՍԾ տարածքային կենտրոնից և այլ կազմակերպություններից։

Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին աղետների ռիսկի կառավարման հիմունքները, համայնքային ԱՌԿ պլանավորման գործընթացները, արտակարգ իրավիճակներում կառավարման առանձնահատկությունները, ինչպես նաև մարդասիրական օգնության ստացման, բեռնաթափման և բաշխման կազմակերպման մեխանիզմները։

Վերապատրաստման կարևոր բաղադրիչ էին նաև գործնական և խմբային աշխատանքները, որոնց ընթացքում մասնակիցները քննարկեցին համայնքին սպառնացող վտանգները, դրանց ռիսկի նվազեցման հնարավոր միջոցառումները, ինչպես նաև ընդունող համայնքի գործողությունները տարահանված և/կամ տեղահանված բնակչության ընդունման համատեքստում։

Դասընթացը վարեցին ոլորտի մասնագետներ Գուրամ Մատիաշվիլին և Վահան Հարությունյանը՝ ապահովելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքների փոխանցում և մասնակիցների ակտիվ ներգրավվածություն։

Վերապատրաստման ավարտին մասնակիցները քննարկեցին ստացված գիտելիքների կիրառման հնարավորությունները համայնքային մակարդակում՝ կարևորելով համայնքների պատրաստվածության և դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը։

Ծրագիրն իրականացվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայություն (ECHO)-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, ՆԳՆ Փրկարար ծառայության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով: