26 սեպտեմբերի 2025

Գիտելիք, որը օգնում է համայնքներին լինել ավելի պատրաստված

«Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետների պատրաստվածության կարողությունների հզորացում բռնի տեղահանվածների համար» ծրագրի շրջանակում «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի հետ համագործակցությամբ այս տարվա օգոստոսից իրականացնում է «Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր» թեմայով դասընթացների շարք` Վայք, Մարտունի, Վարդենիսի և Արարատ խոշորացված համայնքների բնակիչների համար։

Դասընթացները նպատակ էին հետապնդում բնակիչների հետ քննարկել քաղաքացիական պաշտպանությանն առնչվող խնդիրները, իրենց դերը, անելիքներն ու պաշտպանության միջոցառումները:

Արդյունքները

Իրականացվել է 55 դասընթաց, որոնց շնորհիվ ավելի իրազեկ և տեղակացված է դարձել շուրջ 1300 բնակիչ:

Դասընթացները դեռևս շարունակվում են գրանցելով ավելի մեծ ցուցանիշներ: Դասընթացի ավարտից հետո բնակիչների շրջանում իրականացնում ենք գիտելիքի գնահատում, իսկ արդյունքները ցույց են տալիս՝ դասընթացների արդյունավետությունը բարձր է, տեղեկատվությունը հասել է շահառու լսարանին, իսկ մարդիկ իրենց զգում են ավելի վստահ ու պատրաստված։

 Ինչի մասին ենք խոսել

  • ինչ է քաղաքացիական պաշտպանության համակարգը և ինչու է այն կարևոր,
  • ինչ է ազդարարումը, ինչպիսի ազդարարման ազդանշաններ կան, ինչ անել դրանցից յուրաքանչյուրի դեպքում,
  • ինչպես պատրաստել անվտանգ սենյակ կամ թաքստոց, ինչերը կարող են ծառայել որպես թաքստոց, եթե մոտակայքում չկան հատուկ նախատեսված և կահավորված կառույցներ
  • ինչ վարքականոններ են ընդունելի ականապատ տարածքներում ու չպայթած զինամթերքի դեպքում
  • և մի շարք այլ թեմաներ:

Դասընթացներն անցկացնում ենք պարզ, հասկանալի լեզվով՝ օրինակներով ու հարցուպատասխանի ձևաչափով, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ստացած գիտելիքը կիրառել իր ընտանիքի ու հարևանների անվտանգության համար։ Դասընթացները բաց են բոլորի համար․ մասնակցում են սովորական բնակիչներ, ինչպես նաև ավագ դպրոցականներ, երիտասարդներ և անգամ թոշակառուներ։ Այս մոտեցումը կարևոր է, քանի որ արտակարգ իրավիճակում յուրաքանչյուր ոք կարող է որոշիչ դեր ունենալ՝ պաշտպանելով իրեն, իր ընտանիքը և համայնքը։ Տարբեր սերունդների համատեղ մասնակցությունը նաև ամրապնդում է համայնքի միասնականությունը և փոխանցում է կարևոր գիտելիք սերունդներին։

Ծրագիրը իրականացվում է ԵՄ Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության ծառայություն (ECHO)-ի ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, ՆԳՆ Փրկարար ծառայության, Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի հիմնադրամի, HEKS EPER-ի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և գործընկեր համայնքների համատեղ ջանքերով: